Կարս (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգիմայրաքաղաքն է։
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։
No comments:
Post a Comment