Մեր քաղաքը > Հին Երևան > Երևան քաղաքի պատմության թանգարան Երևան քաղաքի պատմության թանգարանԵրևան անվան ծագման մասինԵրևանյան քարայրԵրևանը աշխարհի հնագույն քարտեզներումԵրևանը 6000 տարեկան է /Տեսակետ Երևանի տարիքի վերաբերյալ/Հայաստանի մայրաքաղաքներըXX դարասկզբի Երևանը լուսանկարներումՏոներըԵրաժշտական կյանքըԿրկեսային արվեստըՄամուլըԿանանց կրթությունը ԵրևանումԱռողջապահությունըԵրևանի ձիաքարշըԿաշեգործությունըԱրհեստներըԱռևտրական դասը
Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի: 1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։ Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ: Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։ Մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով է թվագրվում Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկը` Շենգավիթ բնակատեղին։ Թանգարանում պահպանվում են զարդանախշերով և արձանիկներով պաշտամունքային պեղված օջախներ, երկգույն` սև և կարմիր փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։ Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ Հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան մ. թ. ա. 782թ. և կոչել էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։ Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։ Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս (5-րդ դ.), Կաթողիկե Սբ. Աստվածածին (13-րդ դ.), Սբ. Հովհաննես (17-րդ դ.), Սբ. Սարգիս (17-րդ դ.) և այլ եկեղեցիներ։ Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։ Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։ 1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույցը (պահպանվում է թանգարանում) նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։ Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է <<Խոսք>> թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։ 1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։ Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյա մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։ Թանգարանի` այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Պահպանվում ու ամրապնդվում է թանգարան - դպրոց կապը` ստանալով նոր շունչ ու երանգ։ Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։
No comments:
Post a Comment